շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2020-ի նոյեմբերի 13-ից կողմերին է հանձնվել 1887 դի, որից 1563-ը՝ հայկական կողմին․ ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է ԼՂ-ում խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը

2020-ի նոյեմբերի 13-ից կողմերին է հանձնվել 1887 դի, որից 1563-ը՝ հայկական կողմին․ ՌԴ ԱԳՆ-ն ամփոփել է ԼՂ-ում խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը

Մեր խաղաղապահների արդյունավետ աշխատանքի գրավականը երկու կողմերի հետ փոխգործակցության հարթված ուղիներն են, ինչը թույլ է տալիս նրանց օպերատիվ կարգավորել առաջացող աննշան միջադեպերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։

«Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում համակարծիք են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ տարվա ընթացքում ամուր ապահովել է հրադադարի ռեժիմը, իրեն դրսևորել է որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության հուսալի երաշխավոր: Ռուսական խաղաղապահ զորախումբն ակտիվորեն նպաստել է պահված անձանց և զոհվածների աճյունների փոխանակմանը, փախստականների վերադարձին, մշակութային, պատմական և կրոնական հուշարձանների պահպանմանը, ուխտավորներին ուղեկցել դեպի կրոնական պաշտամունքի վայրեր։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ընդհանուր առմամբ վերադարձվել է 122 մարդ․ Հայաստանին է վերադարձվել 105 հոգի, Ադրբեջանին՝ 17։ Իր հերթին, ադրբեջանական կողմին է հանձնվել 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզներ:

 
Ռուս խաղաղապահների ուժերով նրա պատասխանատվության գոտում 2020 թվականի նոյեմբերից 1937 շենքերում ստուգվել է պայթյունավտանգ առարկաների առկայությունը, մաքրվել 2 311,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 26 064 պայթյունավտանգ առարկա:
 
2020թ. նոյեմբերի 13-ից կողմերին է հանձնվել 1887 դի, որից 1563-ը՝ հայկական կողմին։
 
Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս տարածաշրջան է տեղափոխել 1581 տոննա մարդասիրական բեռներ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ մեքենաներ, առաջին անհրաժեշտության պարագաներ) և 800 տոննա շինանյութ։ Իրականացվել են հումանիտար ականազերծման աշխատանքներ։
 
Տարածաշրջանում աստիճանաբար խաղաղ կյանքը կարգավորվում է։ Այդ մասին վկայում է այն փաստը, որ իրենց տներ են վերադարձել արդեն շուրջ 53 հազար փախստականներ։ Ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու, մարդասիրական օգնություն հասցնելու և բաշխելու, կենսապահովման ենթակառուցվածքների, մասնավորապես, ջրամատակարարման և կապի համակարգերի վերականգնմանը նպաստելու, բերքահավաքը պաշտպանելու և այլ խնդիրներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: