Պաշտպանական արդյունաբերության ոլորտը շարունակաբար ինստիտուցիոնալացվում է
Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերի համատեքստում ՀՀ կառավարությունը հաստատեց երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։
Մեկնաբանելով կառավարության որոշումները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս կարգերով ոչ միայն ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և R&D-ի ֆինանսավորման հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն մշակութաստեղծ կարևորություն, մասնավորապես՝
«R&D կարգով պաշտպանական նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակների (TRL) մեխանիզմը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆինանսավորումը և արդյունքների տնօրինման գործընթացները զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։
Պետական գերատեսչությունների կողմից ռազմական նոր արտադրատեսակների փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի կայացմանը»,- ընդգծել է նախարարը։