ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ընտանիքում բռնություն գործադրած անձինք բրասելտներ կկրեն, որ չմոտենան բռնության զոհի տանը. օրենքը կգործի 2026–ի մարտից

Ընտանիքում բռնություն գործադրած անձինք բրասելտներ կկրեն, որ չմոտենան բռնության զոհի տանը. օրենքը կգործի 2026–ի մարտից

Կառավարությունն իր այսօրվա նիտում հավանություն տվեց  «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում  փոփոխությունների նախագծին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ այս օրենքի  ընտանիքում բռնության դեպքում ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Դա ենթադրում է նաեւ ենթադրյալ բռնություն գործադրած անձին անհապաղ հեռացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը։

Վերը նշված որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից հսկողությունը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձն այս ոլորտում, և պարզվել է, որ մի շարք երկրներում գործում է էլեկտրոնային (GPS տեղորոշման համակարգով) հսկողության միջոցների (բրասլետների, ձեռնաշղթաների) կիրառման  պրակտիկան:

Նշվածով պայմանավորված՝ օրենքում լրացում է կատարվել, որը նախատեսում է, որ ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ հնարավոր է լինելու կիրառել էլեկտրոնային հսկողության միջոցներ։

Բացի այդ նախատեսվում է պատասխանատվություն սահմանել էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։

Նախատեսվում է, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026թ․ մարտի 1-ից։

  • Կիսվել: