ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
2019-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով. Դեսպանը՝ Վահե Էնֆիաջյանին

2019-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով. Դեսպանը՝ Վահե Էնֆիաջյանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը փետրվարի 11-ին ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Ողջունելով դեսպանին՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերությունները, կարեւորել միջխորհրդարանական  փոխգործակցության զարգացումը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն առաջարկել է  Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ տարվա ընթացքում գումարվելիք հերթական նիստում ընդունել հուշագիր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-րդ ամյակին: «Դա մեր ընդհանուր պատմությունն է, դա մեր ընդհանուր հաղթանակն է»,- նշել է Վահե Էնֆիաջյանը:

Կարեւորելով Վահե Էնֆիաջյանի առաջարկը՝  Իգոր Նազարուկը բարձր է գնահատել հայերի նշանակալի ներդրումը ֆաշիզմից Բելառուսի ազատագրման գործում: Նա տեղեկացրել է, որ անցած  տարի լույս է տեսել «Հայ մարտիկները պատերազմի տարիներին Բելառուսի համար պայքարում» անվանումը կրող  գիրքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը, մասնավորապես փոխշահավետ է համարվել առեւտրատնտեսական կապերի զարգացումը:

Դեսպանի խոսքով՝ 2019թ-ին Բելառուսից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 144%-ով: Ավելացել է նաեւ Հայաստանից Բելառուս արտահանման  ցուցանիշը: Ըստ նրա՝ եթե 2018թ-ին երկու երկրների միջեւ ապրանքնաշրջանառության ծավալը  եղել է 50.1 մլն դոլար, ապա 2019թ.-ին այն արդեն կազմել է  73 մլն դոլար:

Դեսպանը  պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում գործակցության զարգացմանը:

  • Կիսվել: