ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2018-ի համեմատությամբ՝ ունենք 85 հազարով ավել աշխատատեղ. Փաշինյան

2018-ի համեմատությամբ՝ ունենք 85 հազարով ավել աշխատատեղ. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աժ հատուկ նիստում իր ելույթում անդրադարձավ վերջին երեք տարիներին Կառավարության կատարած ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Նա ներկայացրեց եկամտային հարկի մասով կատարված փոփոխությունը՝ նշելով, որ 2018-ի դրությամբ մենք ունեինք եռաստիճան եկամտային հարկ՝ 36, 28 և 23 տոկոս:

«Մենք շատ արագ Հայաստանի Հանրապետությունում սահմանեցինք համահարթ եկամտային հարկ՝ 23 տոկոս և օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկը 1 տոկոսով կիջնի, և 2023 թվականի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Միևնույն ժամանակ մենք շահութահարկի դրույքաչափը իջեցրինք և 20 տոկոսից դարձինք 18 տոկոս: Մենք, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով լուծեցինք ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրը: 2021 թվականի մարտին 2018-ի մարտի դրությամբ մենք երկրում ունենք 85380-ով ավել աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ 2021 թվականի մարտին 2018-ի համեմատությամբ՝ 34 մլրդ դրամով կամ 36 տոկոսով ավելացել է համընդհանուր աշխատավարձի ֆոնդը, 19-20 տոկոսով ավելացել է մեկ մարդու աշխատավարձը:

«2021 թվականի մարտին 2018-ի համեմատ՝ 4 միլիարդով ավելի շատ եկամտային հարկի հավաքագրում է իրականացվել: Ասում էին, որ կտեսնեք՝ կգա ժամանակը, որ մենք ավելի քիչ հարկային դրույքաչափով, այսինքն՝ ավելի ցածր դրույքով ավելի շատ հարկ կվճարենք: Սա կարևորագույն ինստիտուցիոնալ, հեղափոխական բարեփոխում է, որ տեղի է ունեցել ՀՀ-ում»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

  • Կիսվել: