ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Զուրաբիշվիլիի՝ առանց հրավերի Ազատության հրապարակում գտնվելը հերթական սադրանքն էր. Վրաստանի իշխող կուսակցության նախագահ

Զուրաբիշվիլիի՝ առանց հրավերի Ազատության հրապարակում գտնվելը հերթական սադրանքն էր. Վրաստանի իշխող կուսակցության նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առանց հրավերի Ազատության հրապարակում գտնվելը հերթական սադրանքն էր, interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է իշխող «Վրացական երազանք» կուսկակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, գրում է aliq.ge-ն:

Այդպիսով, Կոբախիձեն արձագանքել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու՝ Ազատության հրապարակում ելույթի ժամանակ Վրաստանի նախագահին հղած ողջույնի միջադեպին և հավելել, որ ԵՄ դեսպանի կողմից նախագահին ողջունելը արարողակարգային քայլ է եղել. «Բնականաբար, ցանկացած դեսպան պարտավոր է հետևել արձանագրային հաջորդականությանը, այն պաշտոնական վարկանիշին, որն ընդհանուր առմամբ գործում է։ Ուստի այստեղ սպեկուլյատիվ ոչինչ չկա։ Հասկանալի է, թե ինչու է Եվրամիության դեսպանը խոսքն այդպես սկսել»:

Կոբախիձեի խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամեն ինչ անում էր, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ:

«Ինչ վերաբերում է նրան, որ Սալոմե Զուրաբիշվիլին անվտանգության ուժերով շրջապատված կանգնել է բեմի դիմաց, ապա ստիպված է եղել ժամանակից շուտ լքել տարածքը, սա ցույց է տալիս, որ հասարակությունն ամեն ինչ տեսնում է։ Սալոմե Զուրաբիշվիլին ամեն ինչ արեց, որպեսզի երկիրը չստանա թեկնածուի կարգավիճակ…

Նա անընդհատ սադրանքներ էր ծրագրում, բայց ի վերջո բոլոր սադրանքները ձախողվեցին։ Չհաջողվեց նաև սադրանքը, որը կոչվում էր առանց հրավերի Ազատության հրապարակ գալ»,- ասել է Կոբախիձեն։

Ի դեպ, ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանլուց հետո Վրաստանի կառավարության որոշմամբ Ազատության հրապարակում մեծ միջոցառում է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին և այլք: 

«Վրացական երազանք»-ը համերգի մեկնարկից առաջ հայտարարել է, որ «արմատական ​​ընդդիմությունը» և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «անելիք չունեն» ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար նախատեսված հանդիսավոր միջոցառմանը, առավել ևս՝ «միջոցառման բեմում»: Զուրաբիշվիլին, սակայն, այդուհանդերձ ներկա էր միջոցառմանը:

Իշխող կուսակցության, կառավարության և Զուրաբիշվիլիի միջև հակամարտությունը ի հայտ եկավ մարտին, երբ Զուրաբիշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ մեղադրեց «Վրացական երազանքին» եվրոպական ուղուց շեղվելու համար և ասաց, որ Թբիլիսին կրկնում է Մոսկվայի «մեսիջները»: Իշխանությունն անգամ նախագահի դեմ պաշտոնանկության գործընթաց էր սկսել, որը ձախողվեց: Պաշտոնանկության համար իշխանությունը հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ նախագահն առանց կառավարության թույլտվության այցելել էր ԵՄ երկրներ՝ երկրի համար կարևորագույն պահին: Ըստ նրանց՝ Զուրաբիշվիլին խախտել էր սահմանադրությունը. նախագահը, սակայն, հայտարարել էր, որ ինքն առաջնորդվել է Վրաստանի շահերը պաշտպանելու սկզբունքով:

  • Կիսվել: