Եթե ՔՊ–ին օգնեի, չէ՞ին ասելու՝ «հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր». Գրիգորյան
ՔՊ-ն Գյումրիում չի հանդարտվում, իշխանությունը խառնակչությամբ փորձում է հասնել իր նպատակին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես ի սկզբանե դեմ եմ եղել ՔՊ–ի ընտրվելուն, բայց եթե մարդկային առումով էլ նայում ես, ընտրություններից 2-3 օր առաջ բռնել են տալիս հորս, տղայիս, թիմակիցներիս, ավագանու մեր թեկնածուներին, ընտրությունների բուն օրը կալանավորումներ են անում, ամբողջ թիմիս տեռորի են ենթարկում։
Այդքան բանն արեցին, ընտրություններից հետո իրենց պատգամավորների պահվածքը, չափերն անցնելը ու այդքանից հետո ի՞նչ էին ակնկալում։ Ակնկալում էին, որ Մարտուն Գրիգորյանն այդ ամեն ինչը մոռացե՞լ է, ու պետք է քաղաքապետի ընտրությունները վիժեցնե՞ր, պետք է այնպես աներ, որ ՔՊ–ն էս ընտրություններում ունենար Գյումրու քաղաքապե՞տ։ Երևանից եկածները պետք է հասկանային, որ Գյումրին փոքր քաղաք է և այդպիսի բաներին ուշադրություն դարձնում է։ Իրենք չէին մտածո՞ւմ, որ եթե Մարտուն Գրիգորյանը ՔՊ–ին օգներ, գյումրեցիները չէին ասելո՞ւ՝ «հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր»:
Մանրամասները՝ տեսանյութում.