Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա հայ-վրացական աստղագիտական կոլոքվիումը
Բյուրականի աստղադիտարանում մայիսի 5-9-ը տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը: Կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աբասթումանի աստղադիտարանի (AbAO) միջև երկարամյա համագործակցության շրջանակներում։
«Այն նվիրված է երկու հաստատությունների գիտական կապերի ամրապնդմանը և մի շարք արդի աստղաֆիզիկական թեմաների քննարկմանը»,- նշված է Բյուրականի աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կոլոքվիումի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը։ Հայ և վրացի աստղագետների գիտական համագործակցությունն ու բարեկամությունը ձևավորվել է դեռևս 1930-ական թվականներին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի (1908-1996թթ․) և Աբասթումանի աստղադիտարանի հիմնադիր Եվգենի Խարաձեի (1907-2001թթ․) ջանքերով։
Իսկ համատեղ կոլոքվիումները, նույնպես նրանց նախաձեռնությամբ, սկսվել են 1974 թվականից և անցկացվում են փոխեփոխ՝ Բյուրականում և Աբասթումանում։