շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել. Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ի մասին

Ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել. Մարտուն Գրիգորյանը՝ ՔՊ-ի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում վերահաստատել է, որ իր թիմակիցների, իր շրջապատի  նկատմամբ ճնշումներ են իրականացվում:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն չի կարողանում հաշտվել Գյումրիում իր կրած պարտության հետ և դիմում է այդպիսի քայլեի, սակայն արժանի պատասխան ստանալու է։

«Լուրջ ճնշում է սկսվել, աշխատանքից ազատում են իմ թիմակիցներին, բարեկամներին, ընկերներին։ Կան աշխատանքից անհիմն ազատված մարդիկ, որոնք կոնկրետ ասոցացվում են  ինձ հետ, և ես առաջիկայում սպասում եմ էլի պրոցեսների, որի արդյունքում հավաքական մի հատ էլի պատասխան կստանան այդ քայլերի համար»,-ասել է Մարտուն Գրիգորյանը։

Նա նաև ընդգծել է, որ հասկանալի է՝ ՔՊ-ն չի մարսում պարտությունը, բայց պարտավոր է  հաշվի նստել գյումրեցիների կարծիքի ու դիրքորոշման հետ, ընտրությունների ժամանակ ստացած քվեների քանակի հետ։

«Գյումրի քաղաքում 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 17 հազարը քվեարկել է նրանց օգտին, մնացածը «Քաղաքացիական պայմանագիր» չեն ուզել։ ՔՊ-ին չուզող ժողովուրդը Գյումրիում շատ ավելին է»,-ասել է Գրիգորյանը։

Նա նաև անդրադարձել է ՔՊ-ի հայտարարություններին՝ իրենց հաղթելու մասին, և նշել է․  «Դե, թող ուրախանան այդ «հաղթանակով», բա ինչու՞ են խառնվել իրար, ինչո՞ւ են ուզում Գյումրի քաղաքը տակնուվրա անել»։

  • Կիսվել: