հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զելենսկին ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում խաղաղ լուծման որոնումների հարցը

Զելենսկին ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայում խաղաղ լուծման որոնումների հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ռուսաստանի սկսած պատերազմն ավարտելու հեռանկարները։ Այս մասին տեղեկացրել է УНИАН-ը՝ հղում կատարելով BFM TV-ին։

Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցը կայացել է նախորդ հեռախոսազանգից երկու օր հետո։

Մակրոնը հավաստիացրել է Զելենսկուն, որ Ֆրանսիան աջակցում է Ուկրաինային եւ պատրաստ է ավելի մեծ ջանքեր գործադրել եվրոպական գործընկերների հետ։

Երկու երկրների նախագահները քննարկել են ճգնաժամից դուրս գալու հավանական հեռանկարները։

Ավելի ուշ Զելենսկին իր տեսաուղերձում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցը։

«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մակրոնի հետ մեր փոխգործակցության, խաղաղության հասնելու որոնումների մասին՝ մեր տարածքների ազատագրման, մեր մարդկանց փրկության համար։ Համոզված եմ՝ դուք հասկանում եք, որ բանակցությունները հեշտ չեն, բայց դրանք անհրաժեշտ են, որովհետեւ խոսքը կյանքի մասին է։ Ուկրաինան միշտ խաղաղ լուծում է փնտրել, մանավանդ որ մենք այժմ շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ, որովհետեւ մենք հաշվում ենք յուրաքանչյուր սպանվածին, որովհետեւ մեզ համար նշանակություն ունի յուրաքանչյուր քանդված ընտանիքը, յուրաքանչյուր ավերված տունը, որովհետեւ մենք ուկրաինացիներ ենք, եւ մեզ համար մարդն անգնահատելի է»,- ասել է նա։

  • Կիսվել: