Զելենսկին հայտարարել է՝ Մոսկվան ամեն ինչ անում է, որ վիժեցնի Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հանդիպումը
Ռուսներն ամեն ինչ անում են Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը վիժեցնելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է Украинская правда-ն։
Նա, մասնավորապես, ասել է. «Միևնույն ժամանակ, Ուկրաինան, ի տարբերություն Ռուսաստանի, չի վախենում առաջնորդների հետ որևէ հանդիպումից։ Մենք պատրաստ ենք արդյունավետ աշխատել, աշխատել առավելագույն չափով... Մենք պետք է նրանց ստիպենք դիվանագիտության, մեզ անհրաժեշտ են իսկապես ուժեղ պատժամիջոցներ, եթե նրանք (Ռուսաստանը - խմբ.) չհամաձայնեն այս պատերազմի դիվանագիտական հանգուցալուծմանը, եթե նրանք չեն ցանկանում ավարտել պատերազմը, իսկապես ապավինում ենք մեր գործընկերների ուժեղ (պատժամիջոցների - խմբ.) փաթեթներին»:
Զելենսկին նաև նշել է, որ հույս ունի, որ «գործընկերները կօգնեն գոնե նվազագույն արդյունավետ դիրք ապահովել ռուսական կողմի համար»։ Նրա խոսքով՝ «մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ռուսաստանը չկարողանա շարունակել խույս տալ հանդիպումից»։


