երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Ընտրությունները գողացել են վրաց ժողովրդից. Միհկելսոն

Ընտրությունները գողացել են վրաց ժողովրդից. Միհկելսոն

Ընտրությունները գողացել են վրաց ժողովրդից, Radiotavisupleba լրատվամիջոցին ասել է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը, գրում է aliq.ge-ն:

Միհկելսոնն օրերս 7 եվրոպացի պատգամավորների հետ Թբիլիսիում էր։

Մեկ օրվա ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում էստոնացի քաղաքական գործիչը համոզվել է, որ արդեն բավականաչափ ապացույցներ կան պնդելու, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները «ազատ և արդար» չեն եղել։

Միհկելսոնը նաև կարծում է, որ անկախ միջազգային հետաքննությունը ԵՄ առաջնորդներին կօգնի համարժեք որոշումներ կայացնել։

«Հստակ եզրահանգումն այն է, որ հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած այս ընտրությունները ակներևորեն ազատ չեն եղել և ոչ էլ` արդար, ինչը հարիր չէ մի երկրի, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը», — ասել է Միհկելսոնը։

Անդրադառնալով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին, թե 2030 թվականին Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, Միհկելսոնն ասել է` դա բացարձակ սուտ է, անպատասխանատու սուտ։

«Ներկայիս իշխող կուսակցության գործողությունները վկայում են, որ Վրաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ», — հավելել է էստոնացի քաղաքական գործիչը։

  • Կիսվել: