երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վուչիչը հայտնել է՝ Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

Վուչիչը հայտնել է՝ Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

Սերբիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չնայած տարբեր հայտարարություններին ու գնահատականներին, եւ կշարունակի պահպանել ռազմական չեզոքության դիրքորոշումը: Այս մասին այսօր Սկուշինայի (խորհրդարանի) արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան ես հիմարություններ էի լսում կեղծ հայրենասերներից, որոնք ասում էին, որ մենք Սերբիան տանում ենք դեպի ատլանտյան ինտեգրում: Չենք տանում: Մենք կշարունակենք պահպանել մեր ռազմական չեզոքությունը եւ, ի տարբերություն մեր բանակը ոչնչացողների, կկառուցենք մեր բանակը»,-ասել է Վուչիչը:

Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության դեմ 1999 թվականի ՆԱՏՕ-ի ագրեսիան սկսվել է մարտի 24-ին եւ տեւել է 78 օր: «Դաշնակից ուժ» (Allied Force) օդային հարձակողական գործողության հիմնական պատճառը դաշինքի ղեկավարությունն անվանել է «Կոսովոյում ալբանացի բնակչության ցեղասպանության կանխումը»։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ գործողության ընթացքում դաշինքի երկրների ավիացիան իրականացրել է 38 000 թռիչք, որոնցից ավելի քան 10 000-ի նպատակը ռմբակոծություններ իրականացնելն է եղել։ Ռմբակոծության հետեւանքով, սերբական տվյալներով, զոհվել է 3500-4000 մարդ, վիրավորվել է մոտ 10 000 մարդ, որոնց երկու երրորդը՝ խաղաղ բնակիչներ։ Նյութական վնասը կազմել է 100 մլրդ դոլար։

ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծման երեք ամիսների ընթացքում Սերբիայի տարածք արկերով 15 տոննա սպառված ուրան է նետվել։ Դրանից հետո երկիրը Եվրոպայում ուռուցքաբանական հիվանդությունների քանակով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ ռմբակոծությունից հետո առաջին 10 տարում հանրապետությունում քաղցկեղով հիվանդացել է մոտ 30 000 մարդ, որից 10 000-18 000-ը մահացել է։

  • Կիսվել: