Վթարի ենթարկված ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է. Էրդողան
Երեկ Ադրբեջանից մեկնող C-130 ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց Սիղնաղի շրջանում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է APA-ն:
Նրա խոսքով՝ վթարի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։ Էրդողանը նշել է նաև, որ միջադեպից անմիջապես հետո կապեր են հաստատվել պաշտպանության, ներքին գործերի և արտաքին գործերի նախարարների հետ, և որ որոնողական-փրկարարական աշխատանքները իրականացվում են արագացված տեմպերով։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքը, որտեղ գտնվում են ինքնաթիռի բեկորները, շրջափակվել է։
Էրդողանը հավելել է, որ ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, սկսվել է հետաքննություն, և հայտնաբերվել են 19 մարդու մարմիններ։ Այս ընթացքում հեռախոսազրույցներ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։


