Վրաստանում ուսանողական բողոքներ են բռնկվել խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված
Վրաստանի երեք բուհերի ուսանողները գիշերային բողոքներ են կազմակերպել խորհրդարանական ընտրությունների արդյունքների հավանական կեղծումների հետ կապված, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։
Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի տասնյակ ուսանողներ դուրս են եկել փողոց առաջին մասնաճյուղի բակում։
Ուրբաթ օրվա երեկոյան մուտքերի մոտ ոստիկաններ են կանգնեցրել։ Շենքի ներս չեն թողել ոչ ուսանողներին, ոչ դասախոսներին։ Նրանք, ովքեր փորձել են անցնել պատնեշները, հայտնել են, որ իրենց նկատմամբ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ուժ են կիրառել եւ բանավոր վիրավորանքներ հնչեցրել։
Դռները բացվել են այսօր առավոտյան։
Իլիայի (Իլուանիի) պետական համալսարանի գլխավոր մասնաճյուղում, որը մոտ մեկ կիլոմետր է հեռու Թբիլիսիի պետական համալսարանից, գիշերային բողոքին ոչ ոք չի խանգարել։ Բուհի վարչությունը քանիցս արտահայտել է իր դիրքորոշումը քաղաքական իրադարձությունների վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով եվրոպական ապագային։
Մինչեւ կեսգիշեր Ճավճավաձեի պողոտայում էին գտնվում նաեւ շարքային քաղաքացիներ, որոնք ցանկանում էին համերաշխություն հայտնել ուսանողներին։ Նրանք եկել էին Վրաստանի եւ Եվրամիության դրոշներով, շատերը սպիտակ ֆոնին սեւ շրջանակով պաստառներ էին պարզել՝ մատնանշելով քվեարկության գաղտնիքի խախտումներն անցած ընտրություններում։
Բողոքողների հետ համերաշխություն են արտահայտել նաեւ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանը, Վրաստանի հանրային գործերի ինստիտուտը (GIPA), Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարանը, Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիան, Ազատ եւ Գյուղատնտեսական համալսարանները։