երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Վրաստանում ոստիկանությունը խուզարկում է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները

Վրաստանում ոստիկանությունը խուզարկում է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները

Թբիլիսիում ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անցկացնել  ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, տեղեկացնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:

Նշվում է, որ իրավապահները մտել են «Հանուն փոփոխության կոալիցիա», «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների և «Դաիթով» կազմակերպության գրասենյակներ։ 

Տեղի են ունեցել ձերբակալություններ։ Ձերբակալվածների թվում է վրացի ընդդիմադիր գործիչ Նիկա Գվարամիան։

Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել։

Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։

Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։

  • Կիսվել: