շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանն ու Թուրքիան ծրագրում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը

Վրաստանն ու Թուրքիան ծրագրում են պարզեցնել մաքսային ընթացակարգերը

Վրաստանն ու Թուրքիան կակտիվացնեն համագործակցությունը մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան՝ Սարփիի մաքսային անցակետում Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայի հետ հանդիպումից հետո, գրում է jnews.ge-ն:

«Մեր մաքսային վարչությունների նպատակն է էլ ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման վրա, ինչն իր հերթին էապես կպարզեցնի և կարագացնի մաքսային ֆորմալ գործողությունները։ Մենք պատրաստ ենք ամենօրյա ռեժիմով աշխատել, որպեսզի միջազգային փոխադրումները կատարվեն առանց խոչընդոտների», – Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը մեջբերում է Կակավայի խոսքերը։

Վերջինիս խոսքով, բեռնաշրջանառության ավելացման արդյունավետ կառավարումը օգուտ կբերի երկու երկրների քաղաքացիներին և բիզնես ոլորտին։

Այցի ընթացքում Կակավան և Թուրագայը գտնվել են երկու երկրների մաքսակետերում և տեղում ծանոթացել մաքսազերծման ընթացակարգին։

Թուրքիան հանդիսանում է Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է մոտ 2,1 մլրդ դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 15%-ը։ Ինչ վերաբերում է 2022 թվականի սկզբից առաջին երեք ամիսներին, ապա երկրների միջև առևտուրը այդ ընթացքում կազմել է 562,4 մլն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 14,6%-ը։

  • Կիսվել: