կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության կարգավիճակին. Հունգարիայի վարչապետ

Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության կարգավիճակին. Հունգարիայի վարչապետ

Վրաստանում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը Վրաստանի եվրոպական նկրտումների կողմնակիցն է, գրում է aliq.ge-ն:

Օրբանն ասել է՝ արդարացի կլինի Վրաստանին հնարավորություն տալ մերձենալու Եվրամիությանը, ինչը, ըստ նրա՝ բխում է նաև եվրոպական շահերից։

Նրա խոսքով, բարեկամության խոր հիմքը Հունգարիայի և Վրաստանի համար ընդհանուր քրիստոնեական ավանդույթն է։ Նա հիշել է, թե ինչպես են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները միացել Եվրամիությանը, և ասել է, որ նրանք են ստեղծել Եվրամիության մրցունակությունը։

«Եթե այն ժամանակ Հունգարիան չմիանար (ԵՄ-ին -խմբ.), Եվրամիության տնտեսական աճի տեմպերը կնվազեին. վերջին 20 տարվա տնտեսական աճը կարելի է վերագրել հիմնականում Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի անդամակցությանը, ինչը նշանակում է, որ Եվրամիությանն անհրաժեշտ են նման դինամիկա, էներգիա, այնպիսի մարդիկ, որոնք ուզում են աշխատել, լինել ստեղծագործ: Նրանք, ովքեր հավակնություններ ունեն (միանալու ԵՄ-ին — խմբ.), եթե Եվրոպան չընդունի այդպիսի մարդկանց, ժամանակ կգա, երբ ի վերջո ԵՄ-ն կվճարի դրա գինը՝ կորցնելով իր մրցունակությունը»,- ասել է Օրբանը:

Նա նաև հավելել է՝ այս համատեքստում Վրաստանն այն երկիրն է, որը հատկապես արժանի է նշված ԵՄ-ի կարգավիճակին. «Իհարկե, տնտեսական ցուցանիշները, որ ունի երկիրը, բարձր են, և ես կարծում եմ, որ Եվրամիությունը շահեր ունի կապվելու կովկասյան տարածաշրջանի հետ, լավագույն լուծումը կապվելն է Վրաստանի միջոցով»:

 

  • Կիսվել: