հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին և 10-ին աշխատելու Է սահմանափակ ռեժիմով

Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին և 10-ին աշխատելու Է սահմանափակ ռեժիմով

 «Վրաստանի խորհրդարանը մարտի 9-ին և 10-ին աշխատելու Է սահմանափակ ռեժիմով, քանի որ շենքը վնասվել է մարտի 7-ին և 8-ին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիաների ժամանակ»-, հաղորդել Է խորհրդարանի աշխատակազմը։

Այդ մասին  տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: Խորհրդարանի տարածք մուտքը սահմանափակվելու է խոսնակի հրամանով, որպեսզի այնտեղ հնարավոր լինի պարզել եւ փոխհատուցել հասցված վնասը։ Մուտքը կսահմանափակվի բոլոր այցելուների, պատգամավորների և լիազորված լրատվամիջոցների աշխատակիցների համար։ «Ենթակառուցվածքների վնասվելու և շենքում գտնվող մարդկանց առողջության համար հնարավոր վտանգներից խուսափելու կապակցությամբ խորհրդարանի լիագումար նիստերն այս շաբաթ չեն անցկացվելու»,-ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի ՆԳՆ-ում հայտնել են, որ վերջին երկու օրվա ընթացքում արմատականորեն տրամադրված մի խումբ ​​քաղաքացիներ փորձել են ներխուժել խորհրդարանի շենք, վնասել են երկաթե ցանկապատերը եւ պատուհանների ճաղավանդակները, դռները, ինչպես նաև հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել շենքի ներս։

Շրջվել է ոստիկանական մեքենա: Ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ձերբակալվել են 133 կարգազանցներ: Երկու օր տևած բողոքի ակցիաներից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը որոշել Է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել Է մարտի 7-ին։

Քաղաքական գործիչները խոստացել են լայն արշավ սկսել այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պարզաբանելու ուղղությամբ, ինչպես նաև վստահեցրել են, որ Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի դեպի Եվրոպա «արժանի ուղին»: Մարտի 8-ին ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը հակասում է ԵՄ-ին անդամակցելու երկրի նպատակին։ Բորելի խոսքով՝ օրենքի վերջնական ընդունումը «կարող է լուրջ հետևանքներ ունենալ»  ԵՄ-Վրաստան հարաբերությունների վրա։

  • Կիսվել: