հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանի իշխանությունը չի բացառում Զուրաբիշվիլիի հրաժարականը

Վրաստանի իշխանությունը չի բացառում Զուրաբիշվիլիի հրաժարականը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն չի բացառում, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հրաժարական կտա և կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, գրում է aliq.ge-ն:

«Շատ մեծ է հավանականությունը, որ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ հրաժարական կտա և կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, թեև բոլորը լավ գիտեն, թե իրականում ինչ վարկանիշ ունի այդ մարդը»,- interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է «Վրացական երազանքի» նախագահը:

Ըստ նրա՝ նախագահը ընտրություններից առաջ նպաստում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ամրապնդմանը:

Նշենք, որ սա Զուրաբիշվիլիի նկատմամբ իշխանության կողմից քննադատական հռետորաբանության միակ դեպքը չէ: Այս տարվա հոկտեմբերին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ նախագահ Զուրաբիշվիլին ընդդիմության շարքերում եղած ժամանակ մեկ տոկոս վարկանիշ է ունեցել:

Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին նախագահ է ընտրվել 2018 թվականի նախագահական ընտրություններում, նա վայելել է իշխող կուսակցության մեծ աջակցությունը: Ընտրություններում հավաքել է քվեարկողների ձայների 59,54 տոկոսը:

  • Կիսվել: