երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել հանրահավաքները՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետկանչմանը

Վրացական ընդդիմությունը մտադիր է շարունակել հանրահավաքները՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետկանչմանը

Ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են շարունակել հանրահավաքները Թբիլիսիում՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ կանչելու մասին՝ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարությանը։

Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է «Գիրչի - ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ  Ցոտնե Կոբերիձեն։ «Այսօր անպայման ակցիա տեղի կունենա, որովհետեւ կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր չեն վստահում «Վրացական երազանքին»: Միայն մենք ենք այն բանի երաշխավորը, որպեսզի  երկիրը դառնա Արևմուտքի մի մասը:  

Մեզ հստակ պարզաբանում է անհրաժեշտ, թե նրանք ինչպես են ծրագրում հետ կանչել օրինագիծը»,- ասել է Կոբերիձեն՝ հավելելով, որ իրենք նաև իշխանություններից պահանջում են ազատ արձակել հանրահավաքները ցրելու ժամանակ ձերբակալվածներին։ Այսօր ավելի վաղ իշխող կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանից հետ է կանչում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը: Մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ցույցեր այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրացական տարբերակը։

Երկու հանրահավաքներն էլ ավարտվել են ուշ գիշերին, ուժայինները ջրանետիչների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին։ Բողոքի երկու օրվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 130 մարդ։ Փետրվարին Վրաստանի խորհրդարանում գրանցվել է օտարերկրյա գործակալների մասին օրինագծի երկու տարբերակ՝ վրացական տարբերակը և ամերիկյան տարբերակը, որն օտարերկրյա գործակալների գրանցման ամերիկյան օրենքի թարգմանությունն է։

Վրացական տարբերակի համաձայն՝ օտարերկրյա գործակալ կարող է լինել նաև լրատվամիջոցը, ըստ որում նախաձեռնությունը չի վերաբերում ֆիզիկական անձանց։  Ամերիկյան տարբերակը վերաբերում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլև ֆիզիկական անձանց, այն ներառում է նաև քրեական պատասխանատվություն։ Խորհրդարանն արդեն վրացական տարբերակն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության:

  • Կիսվել: