Վերջապես թունելի վերջում կարող է լույս և տևական խաղաղության հնարավորություն հայտնվել. Սպիտակ տան մամուլի քարտուղարը՝ ուկրաինական հակամարտության մասին
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում հեռանկարներ են ուրվագծվում, որոնք կարող են հանգեցնել կայուն խաղաղության ստեղծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա վերջապես թունելի վերջում կարող է լույս և տևական խաղաղության հնարավորություն հայտնվել»:
Լևիթը նաև հիշեցրել է, որ փոխզիջումն անխուսափելիորեն զիջումներ է ենթադրում: Նրա խոսքով՝ կայուն կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հակամարտության երկու կողմերն էլ համաձայնեն այնպիսի լուծման, որը լիարժեք գոհացուցիչ չի լինի նրանց համար։
«Լավ գործարք կնքելու համար երկու կողմերն էլ ստիպված կլինեն մի փոքր դժգոհ բաժանվել»,-պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Նա նաև կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ ռազմական գործողություններին ամերիկացի զինվորականների մասնակցությունը բացառվում է:
«ԱՄՆ զինվորականներ չեն լինի Ուկրաինայում»,-ասել է Լևիթը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել եվրոպական դաշնակիցներին անվտանգության միջոցառումները համակարգելու հարցում և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործիքներ տրամադրել:
ԱՄՆ նախագահը, Լևիտի խոսքով, անվտանգության երաշխիքները համարում է կայուն խաղաղության հասնելու համար խիստ կարևոր պայման և ազգային անվտանգության թիմին հանձնարարել է համապատասխան աշխատանք կատարել եվրոպացի գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև Կիևի և Մոսկվայի հետ երկխոսության ընթացքում: Նա հավելել է, որ նախապատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպմանը:


