երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար

Վերին Լարսով Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան և մերկասառույցի պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար՛՛:

Նշվում է նաև, որ Գուդաուրի-Կոբի և Մլետա-Գուդաուրի հատվածներում ձնապաշտպան թունելներով թույլատրվում է երթևեկությունը մնացած տրանսպորտային միջոցների համար։

Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Ինչպես հաղորդվում է՝ Վրաստանի իշխանություններն աշխատանքներ են տանում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի՝ Կոբի-Գուդաուրի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի կառուցման ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ նախագիծը կավարտվի 2024 թվականին։

Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ և 5 թունել, այդ թվում 9 կմ երկարությամբ թունել Խաչի լեռնանցքի տակ: Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

  • Կիսվել: