շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN

Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN

Իրանը կարող է քայլեր ձեռնարկել իր միջուկային օբյեկտների վերականգնման ուղղությամբ։ Այս մասին հայնտում է CNN-ը՝ վկայակոչելով Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի (ISIS) հետ համատեղ վերլուծած արբանյակային լուսանկարները։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր պատկերները հարցեր են առաջացնում հունիսին ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Իրանի կողմից հնարավոր խախտելու վերաբերյալ։ Ենթադրյալ աշխատանքները, ինչպես պնդում են փորձագետները, կարող էին սկսված լինել դեռևս այն բանից առաջ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ հայտարարել էր պայմանավորվածությունների գործողության փաստացի դադարեցման մասին։

Ուշադրության կենտրոնում է հայտնվել Փարչինի օբյեկտը, որը, փորձագետների գնահատականներով, կարող էր օգտագործվել միջուկային զենքի մշակման հետ կապված պայթուցիկ նյութերի պահպանման համար։ Այս օբյեկտը բազմիցս հարվածների է ենթարկվել փետրվարին Իրանի դեմ սկսված ամերիկա-իսրայելական ռազմական գործողության ընթացքում։

Հունիս և հուլիս ամիսների նոր արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ Իրանը, ենթադրաբար, աշխատանքներ է սկսել վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։

«Լուսանկարներից երևում է, որ Իրանը, կարծես թե, քայլեր է ձեռնարկում օբյեկտի նորոգման և վերականգնման ուղղությամբ»,- հաղորդում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում վնասված հատվածների վրա տեղադրվել են ժամանակավոր ծածկեր, իսկ մի քանի շաբաթ անց դրանք փոխարինվել են ցանցավոր կառուցվածքներով։ Բացի այդ, օբյեկտի մոտ նկատվել են բետոնախառնիչներ, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է վկայել վնասված հատվածների հերմետիկացման նախապատրաստման մասին։

Ըստ CNN-ի՝ կասկածելի ակտիվություն է նկատվել նաև մեկ այլ ենթադրյալ միջուկային օբյեկտում՝ Փիքեկ Մաունթինի շրջանում: Արբանյակային կադրերն արձանագրել են բեռնատարների ինտենսիվ շարժ դեպի ստորգետնյա թունելներ և հակառակ ուղղությամբ:

Հեռուստաալիքի հարցված փորձագետները կարծում են, որ նման գործողությունները կարող են հակասել ԱՄՆ-ի հետ հուշագրի պայմաններին, որը նախատեսում էր նախկին կարգավիճակի պահպանում և իրանական միջուկային ծրագրում փոփոխությունների սահմանափակում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: