կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ուկրաինայում հրթիռակոծության հետևանքով 11 մարդ է զոհվել

Ուկրաինայում հրթիռակոծության հետևանքով 11 մարդ է զոհվել

Ուկրաինայի Սումի քաղաքը նոյեմբերի 17-ի երեկոյան ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ 

Փլուզված շենքի փլատակներից ավելի քան 400 մարդ է տարհանվել։ 

Հաղորդվում է, որ նոյեմբերի 17-ի երեկոյան ռուսական ուժերի իրականացրած հարվածից հետո, նոյեմբերի 18-ի կեսգիշերից հետո Սումի քաղաքին ևս մեկ հրթիռային հարված է հասցվել։ Վերջին հարվածի հետևանքով քաղաքը հոսանքազրկվել է։ 

Իսկ լույս նոյեմբերի 17-ի գիշերը Ուկրաինան օգոստոսից ի վեր առաջին անգամ ենթարկվել է զանգվածային կոմբինացված հարձակման՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանն օգտագործել է 120 հրթիռ և 90 ԱԹՍ։ 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի 5 մարզերում խոցել է ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը՝ 45-ը, Բրյանսկի մարզի երկնքում։ ԱԹՍ-ներ են արձակվել նաև Կուրսկի, Բելգորոդի, Տուլայի և Մոսկվայի մարզերի ուղղությամբ։ 

Ավելի վաղ, ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների, Վաշինգտոնը թույլ է տվել, որ Ուկրաինան ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքի խորքերը։

 

  • Կիսվել: