ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն ներգրավվի ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը. Պուտին

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը չեն ներգրավվի ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը ներկայում ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ուզում եմ ընդգծել, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին, իսկ պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի։ Հանձնարարված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները»,-ասել է ՌԴ ղեկավարը մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։

Պուտինը դիմել է ռուս այն զինվորների և սպաների մայրերին, կանանց, քույրերին, հարսնացուներին և ընկերուհիներին, «որոնք այժմ մարտում են՝ պաշտպանելով Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության ժամանակ»։

«Ես հասկանում եմ, թե ինչպես եք անհանգստանում ձեր սիրելիների համար, դուք կարող եք հպարտանալ նրանցով, ինչպես որ ամբողջ երկիրը ձեզ հետ միասին հպարտանում և անհանգստանում է նրանց համար», - ընդգծել է երկրի ղեկավարը։

  • Կիսվել: