ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման. Դանիլով

Ուկրաինան պատրաստ է հակահարձակման. Դանիլով

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հերքել է լուրերն այն մասին, որ Կիևն արդեն սկսել է հակահարձակումը: Նա ընդգծել է, որ ռուսական կառավարման կենտրոնների և տեխնիկայի ոչնչացումն Ուկրաինայի օդուժի խնդիրն է եղել դեռ 2022 թվականի փետրվարի 24-ից։

Դանիլովը հակահարձակման հստակ ժամկետներ չի նշել, բայց շեշտել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակում կսկսեն այն ժամանակ, երբ հրամանատարները որոշեն, որ կարող են լավագույն արդյունքը ստանալ պատերազմի տվյալ փուլում:

«Հակահարձակումը կարող է սկսվել վաղը, մյուս օրը կամ մեկ շաբաթ անց։ Մենք պետք է հասկանանք, որ այն պատմական հնարավորությունը, որ Աստված տվել է մեզ և մեր երկրին, մենք չենք կարող կորցնել, որպեսզի կարողանանք իսկապես դառնալ անկախ եվրոպական մեծ երկիր: Մեր երկրի առջև շատ պատասխանատու խնդիր է դրված։ Եվ մենք հասկանում ենք, որ սխալվելու իրավունք չունենք»,- ասել է պաշտոնյան։

Մինչ այդ պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Բախմուտի ուղղությամբ ռուսական կողմի հարձակողական ակտիվությունը նվազել է, ակտիվ մարտեր չեն ընթանում, սակայն ինտենսիվ հրետակոծությունը շարունակվում է: Մալյարի խոսքով՝ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է շարունակում մնալ Բախմուտի հարավարևմտյան արվարձանը:

  • Կիսվել: