երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Նոյեմբերի 16-ին՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Մոնղոլիայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Ցենդ Սանդագ-Օչիրի հետ, հայտնում է ՇՄՆ-ը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ անդրադառնալով երկու երկրների համար ընդհանուր բնապահպանական մարտահրավերներին՝ անապատացմանը, հողերի դեգրադացմանը, կենսաբազմազանության կորստին, ջրային ռեսուրսների սակավությանը և կլիմայի փոփոխության ազդեցություններին։

Արամ Մեյմարյանը բարձր է գնահատել Մոնղոլիայի ակտիվ մասնակցությունը Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ կարևորելով երկրի փորձը հողերի կայուն կառավարման, արոտավայրերի վերականգնման, անապատացման դեմ պայքարի և տեղական համայնքների դիմակայունության բարձրացման ուղղություններով։

Կողմերը քննարկել են կենսաբազմազանության պահպանության, պահպանվող տարածքների կառավարման, լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վերականգնման, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նախաձեռնությամբ մեկնարկած «Լեռնային և դրանց հետ կապված քաղցրահամ ջրային էկոհամակարգերի վերաբերյալ Երևանի հարթակի» շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև Մոնղոլիայի «Տափաստանների գործողությունների օրակարգին»։

Հանդիպման ավարտին կարևորվել են երկկողմ գործնական համագործակցության խորացումը, փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը»,-ասված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: