շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինան կշարունակի Ադրբեջանից գազի ներմուծումը. էներգետիկայի նախարար

Ուկրաինան կշարունակի Ադրբեջանից գազի ներմուծումը. էներգետիկայի նախարար

Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ հավելելով, որ Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարման փորձնական նախագիծն իրականացվել է:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիրը կնքվի, մենք կերկարաձգենք մատակարարումները մինչև»:

Ըստ նախարարի՝ կան ռազմական ռիսկեր, քանի որ վերջերս ռուսական զորքերը ակտիվացրել են ներմուծման գործողությունները ապահովող գազային ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հաստատել է Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա ռուսական զորքերի կողմից հարված հասցնելը։

«Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտի վրա միտումնավոր ռուսական հարձակում է տեղի ունեցել։ Այսինքն՝ սա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը»,-նշել է նա:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն էլ դատապարտել է Ռուսաստանի հարվածն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Օդեսայի արվարձաններում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում և շենքում։ Հրդեհը մարվել է, զոհեր կամ վիրավորներ չկան։ ՌԴ-ն հարվածել է «Նովա Պոշտա» տերմինալին և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության տերմինալներին։

  • Կիսվել: