շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ուկրաինան ԱԹՍ-ներով թիրախավորել է ՌԴ պաշտպանական արդյունաբերության համար աշխատող ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները

Ուկրաինան ԱԹՍ-ներով թիրախավորել է ՌԴ պաշտպանական արդյունաբերության համար աշխատող ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները

Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով մի շարք հարվածներ են հասցրել Ռուսաստանի շրջաններին՝ թիրախավորելով պաշտպանական արդյունաբերության համար աշխատող ձեռնարկություններն ու ենթակառուցվածքները: Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ թիրախներից մեկը Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող Արզամասի գործիքաշինական գործարանն էր։ Այն արտադրում է սարքեր ավիացիոն և տիեզերական արդյունաբերության, ինչպես նաև քաղաքացիական նշանակության արտադրանքներ:

Ինչպես հայտնել է մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը՝ ձեռնարկության մի աշխատակից զոհվել է, երկուսը՝ վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց։

Հաղորդվում է նաև, որ կիրակի գիշերն անօդաչու սարքերով հարձակման է ենթարկվել Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Ձեռնարկությունում տեղի են ունեցել պայթյուններ և հրդեհ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշված է, որ այն «Ռուսաստանի վառելիքային ենթակառուցվածքների հիմնական օբյեկտներից մեկն է, որը օկուպացիոն ուժերին նավթամթերք է մատակարարում»։

Դրոններով հարձակման է ենթարկվել ևս մեկ նավթավերամշակման գործարան, այս անգամ Ուկրաինայից մոտ 2000 կիլոմետր հեռու գտնվող Կոմիի Հանրապետությունում։ Ուկրաինական ԶԼՄ-ները, հղում անելով ռազմական հետախուզության աղբյուրներին, տեղեկացրել են, որ դրոնները խոցել են նավթամթերքով բաքը և վնասել գազի վերամշակման կայանն ու գազային կոնդենսատը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ավելի քան 30 ուկրաինական անօդաչու թռչող սարք երկրի մի շարք մարզերում, որից 7-ը՝ Մոսկվայի ուղղությամբ:

  • Կիսվել: