երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինան ԱՄՆ-ից 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կստանա

Ուկրաինան ԱՄՆ-ից 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կստանա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի՝ մարտի 16-ին, կհայտարարի Ուկրաինային 1,01 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։

Ինչպես նշվում է, Սպիտակ տան ղեկավարը մտադիր է իր հայտարարությունը հնչեցնել այսօր՝ ԱՄՆ Կոնգրեսի առջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո։

Հրատարակության տվյալներով՝ միջոցները կուղղվեն Ուկրաինայի համար հակատանկային և հակաօդային համակարգերի, այդ թվում՝ Javelin-ի և Stinger-ի ձեռքբերմանը։

Պարբերականը մանրամասնում է, որ գումարը ծախսվելու է նախապես հայտարարված 13,6 միլիարդ դոլարի օգնությունից, որն ԱՄՆ-ն հատկացրել է արդեն ստորագրված բյուջեով Ուկրաինային աջակցելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

  • Կիսվել: