Ուկրաինական զորքերը հարվածել են Վորոնեժի ռազմական կիսահաղորդիչների գործարանին
Ուկրաինացի զինվորականները հարվածել են Վորոնեժի «ՎԶՊՊ-Ս» գործարանին։ Այն կիսահաղորդչային սարքերի, ինտեգրալային միկրոսխեմաների և ուժային մոդուլների արտադրությամբ զբաղվող ռուսական առաջատար ձեռնարկություններից է։ Այս մասին հայտնում է «Exilenova+» մոնիտորինգային ալիքը։ Տեղի բնակիչները սոցցանցերում հարձակման հետևանքների բազմաթիվ կադրեր են հրապարակում։
Այս ձեռնարկությունն էլեկտրոնային բաղադրիչներ է արտադրում «Խ-101» թևավոր հրթիռների, «Իսկանդեր-Կ» և «Կալիբր» հրթիռային համալիրների, ինչպես նաև «Ս-400» և «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Խոսքը, մասնավորապես, տրանզիստորային հավաքակազմերի, մատրիցների ու դիոդների մասին է, որոնք կիրառվում են ինքնաթիռների ու հրթիռների համակարգչային համակարգերում, նշանառության և ռադիոլոկացիոն միջոցներում։
Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևն ավելի վաղ հայտնել էր տարածաշրջանում հրթիռային վտանգի մասին։ Ռուսաստանի իշխանությունները գործարանի վրա հարձակումը դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել։ Ռուսական «Радар по всей России | БПЛА» Z-ալիքը գրում է, որ հարվածը, ըստ նախնական տվյալների, հասցվել է «Storm Shadow» հրթիռներով։
«Exilenova+»-ի տվյալներով՝ գործարանի աշխատակիցներին, ամենայն հավանականությամբ, չեն հասցրել տարհանել։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել։


