ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հունվարի 26-ին կքննարկի նախագահի միասնական թեկնածուի հարցը

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը հունվարի 26-ին կքննարկի նախագահի միասնական թեկնածուի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, որ երկրում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին, հասարակության հայացքն ուղղվել է ընդդիմադիր վեցի հարթակին՝ սպասումով, թե ում են նրանք առաջադրելու նախագահի թեկնածու։

Նշենք, որ ընդդիմադիր դաշինքն ընդգրկում է Ժողովրդահանրապետական (CHP), «Լավ» (İYİ ), «Ուրախություն» (Saadet), Դեմոկրատական, «Ժողովրդավարություն և առաջադիմություն» (DEVA) և «Ապագա» (Gelecek) կուսակցությունները: Diken-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ընդդիմադիր վեցնյակի՝ հունվարի 26-ին «Լավ» (İYİ) կուսակցության գրասենյակում կայանալիք հանդիպման օրակարգում լինելու է թեկնածուի որոշման հարցը։

Նշվում է, սակայն, որ քիչ հավանական է, որ հանդիպմանը վերջնական որոշումը կկայացվի։ Հանդիպմանը կուսակցությունների առաջնորդները կներկայացնեն իրենց կուսակցությունների կատարած հարցումները, և անունների շուրջ բանակցություններ կանցկացվեն։ Բանակցությունների արդյունքում ժամանակ կտրվի, որպեսզի կողմերը լիազոր մարմիններում քննարկեն անունները։ Այս ընթացքում առաջնորդները կարծիքներ կփոխանակեն իրենց լիազոր մարմինների հետ, և վերջնական հանդիպում կկայանա՝ որոշում կայացնելու համար։

Հիշեցնենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չևիքոզը օրերս հայտնել էր, որ վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքը փետրվարին է հայտարարելու նախագահի իր միասնական թեկնածուի անունը։ «Նախագահի թեկնածուի (վեց կուսակցությունների) անունը, հավանաբար, կհայտարարվի փետրվարին»,- լրագրողներին ասել էր Չևիքոզը։

Հավելենք, որ մեկ այլ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որոշել է իր սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին։ 

  • Կիսվել: