երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայի քաղաքականությունն է սիրիական տարածքները դարձնել Թուրքիայի Հանրապետության մաս, թուրքաֆիկացնել. Թուրքագետ

Թուրքիայի քաղաքականությունն է սիրիական տարածքները դարձնել Թուրքիայի Հանրապետության մաս, թուրքաֆիկացնել. Թուրքագետ

 

Սիրիայի հյուսիս-արևելք ռազմական ներխուժմամբ, ըստ թուրքագետ Գևորգ Պետրոսյանի, Թուրքիան միանգամից մի քանի խնդիր է փորձում լուծել՝ քրդական հարց, փախստականների խնդիր։

«Իմ կարծիքով, Թուրքիայի համար ամենակարևոր թիրախը քրդերն են և ընդհանրապես, քրդական հարցը Թուրքիայի արտաքին ու ներքին օրակարգում մեծ տեղ ունի։ Բնականաբար, քրդական ցանկացած հաջողություն որոշակիորեն Թուրքիայի անվտանգության դեմ է ուղղված», - Primenews.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով, ռազմական ներխուժման ցանկությունը թուրքական իշխանությունների մոտ այնքան մեծ է եղել, որ նրանք անտեսել են անգամ միջազգային ճնշումներն ու ծագող խնդիրները։

«Թուրքիան առավել կարևորել է իր անվտանգության շուրջ ծառացած խնդիրները ու դրանք լուծելը, իսկ միջազգային ճնշումներն ու դրանից բխող հարցերը նրա համար անկարևոր են դարձել», - նկատեց Պետրոսյանը։

Սիրիայի հյուսիսարևելյան գոտով Թուրքիայի առաջխաղացումը, ըստ Պետրոսյանի, հնարավորություն կտա մեծ հարված հասցնել Սիրիայի քրդերին ու այդ տարածքներում բնակեցնել Սիրիայից Թուրքիա անցած փախստականներին։

«Թուրքական իշխանությունները ծրագրում են ստեղծել բուֆերային գոտի։ Եվ ինչու ոչ, թուրքական իշխանության քաղաքականության մեջ լիովին տեղավորվում է այն գիծը, որ հետագայում այդ տարածքները կարող են դառնալ Թուրքիայի Հանրապետության մաս, թուրքաֆիկացվեն՝ ինչպես եղավ 30-ականների վերջին նույն Սիրիայի մաս համարվող Ալեքսանդրետի նահանգի դեպքում։ Այնպես որ այս հարցին տարբեր դիտանկյուններից կարելի է նայել, քանի որ այդ գործողությունը բավական բազմաշերտ խնդիրներ լուծող գործողություն է», -ասաց Պետրոսյանը։

 Նրա խոսքով, Թուրքիան Սիրիայի տարածք ռազմական ներխուժմամբ փորձում է ցույց տալ, որ փոքր խաղացող չէ և «որոշակի խաղի կանոններ պահելով հանդերձ, փորձում է ավելի ակտիվ խաղալ ու առաջին համարով խաղալ»։

«Եթե խաղի կանոնները փոխվեն ու ԱՄՆ-ն իրապես ու խորքային հակադարձեր Թուրքիային, ապա թուրքական տնտեսությունը այդ դեպքում բավական լուրջ հարվածներ կստանա»,-  նշեց Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողության անունն է «Խաղաղության գարուն»։ Այդ օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։

Այս նախաձեռնությունը պաշտպանել է Քաթարը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դա վատ գաղափար է, ԵՄ երկրները քննադատել են Թուրքիայի հարձակումը, իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ «ներքաշվել թուրք-սիրիական կոնֆլիկտի մեջ»։

Թուրքիայի հարձակումը Սիրիայի տարածքի վրա դատապարտել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», -ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: