երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Թուրքիայի ոստիկանությունն ավելի քան 30 միլիոն դոլար արժողությամբ 350 կիլոգրամ կոկաին է առգրավել

Թուրքիայի ոստիկանությունն ավելի քան 30 միլիոն դոլար արժողությամբ 350 կիլոգրամ կոկաին է առգրավել

Թուրքիայի Մերսին նավահանգստում ոստիկանությունն առգրավել է բեռնանավի ստորջրյա հատվածում թաքցված շուրջ 350 կիլոգրամ կոկաինը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, փոխանցում է Turkish Minute-ը։

Գործողության ընթացքում ձերբակալվել է ինը կասկածյալ։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ 12 փաթեթներում տեղավորված թմրանյութը հայտնաբերվել է նավի շարժիչի հովացման համակարգի ջրառի խողովակի մոտ։ Դրա շուկայական մոտավոր արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 30,9 միլիոն դոլար)։

Իրավապահները պարզել են, որ մաքսանենգ խմբավորման անդամները ծրագրում էին ջրասուզակների օգնությամբ հանել փաթեթները նավի ընկղմված հատվածից և կոկաինը տեղափոխել երկրի արևմտյան նահանգներում։ Ոստիկանությունն առգրավել է նաև ջրասուզական հանդերձանքն ու ստորջրյա սկուտերը, որոնք, ըստ քննության, նախատեսված էին այս գործողության համար։

Քննությունը համակարգել է Մերսինի գլխավոր դատախազությունը, ներգրավվել են նաև Մերսինի ու Ստամբուլի ոստիկանական վարչությունների թմրամիջոցների դեմ պայքարի և հետախուզական ստորաբաժանումները։

Գյուրլեքի փոխանցմամբ՝ CSPC Pisces անունը կրող նավը ժամանել է Բրազիլիայից։ Ծովային բաց ռեգիստրների համաձայն՝ Լիբերիայի դրոշի ներքո նայարկող այս բեռնանավը կառուցվել է 2026 թվականին։

Տեղորոշման տվյալները ցույց են տալիս, որ մինչև Մերսին հասնելը նավի վերջին կանգառը եղել է իսպանական Տարագոնա նավահանգիստը։ Այն ժամանել էր սեպտեմբերի 11-ին։

Ձերբակալված ինը անձինք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և արտադրության մեջ։ Քննությունը շարունակվում է։

Սա նույն նավահանգստում իրականացված հերթական խոշոր գործողությունն էր․ հունվարին ոստիկանությունը Բրազիլիայից ուղարկված և որպես գետնանուշ հայտարարագրված կոնտեյներից առգրավել էր 298 կիլոգրամ կոկաին։ Մերսինը դարձել է Լատինական Ամերիկայից կոկաինի ներկրման հիմնական տարանցիկ կետերից մեկը։

  • Կիսվել: