չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիայի «Ձախ կանաչներ» կուսակցությունը ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայի «Ձախ կանաչներ» կուսակցությունը ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել

«Ձախ կանաչներ» կուսակցությունը հայտարարություն է արել, որում հիշեցնում են, որ ՄԱԿ-ն այդ մեծ կոտորածը, որում սպանվել է շուրջ 1,5 միլիոն մարդ, ընդունել է որպես գենոցիդ՝ ցեղասպանություն։ Ընդգծվել է, որ Ցեղասպանագետների միջազգային միությունը 2007 թ․ ևս որպես ցեղասպանություն է սահմանել Օսմանյան պետության կողմից 1914-1923 թթ․ հայերի, ասորիների, պոնտացիների և հույների դեմ ուղղված գործողությունը։

Հայտարարության մեջ նշված է, որ «1915-ը բավարար չէր, և զտման քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է: Թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցվող, ճշմարտությունից փախչող, իրենց անցյալի հետ առերեսումից վախեցող հասարակությունները չեն կարող քայլել դեպի լավ ապագա»։

Հայտարարության վերջում ասվում է․ «Հարգանքով հիշում ենք նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ին, իսկ պետությանը, այսօրվա և ապագա քաղաքական իշխանություններին կոչ ենք անում քայլ անել դեպի իրական առերեսում»։

Հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև «Ձախ կանաչներ» կուսակցության՝ Ստամբուլի երկրորդ շրջանի պատգամավորի թեկնածու Հասան Ջեմալը՝ Ջեմալ փաշայի թոռը։

Նշենք, որ այս տարի հենց «Ձախ կանաչներ» կուսակցության (YSP) ցուցակներով է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու փակման վտանգի տակ գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։

  • Կիսվել: