Թուրքիան դատապարտել է Իսրայելին Արևմտյան ափի բռնակցման որոշման համար
Իսրայելի խորհրդարանի կողմից Արևմտյան ափի բռնակցման մասին որոշման դեմ 10 երկիր և մի քանի միջազգային կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել: Թուրքիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Նիգերիան, Պաղեստինը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Արաբական լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստորագրել են այդ հայտարարության տակ, գրում է ermenihaber.am-ը:
Հայտարարության մեջ խիստ դատապարտվում է գրավված Արևմտյան ափի վրա Իսրայելի տիրապետությունը հաստատող Իսրայելի խորհրդարանի որոշումը: Ստորագրող կողմերը դա գնահատել են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 242, 338 և 2334 համարի բանաձևերի բացահայտ խախտում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի միակողմանի քայլը որևէ իրավական հետևանք չունի և չի կարող փոխել գրավված պաղեստինական տարածքների իրավական կարգավիճակը: Կողմերը կրկին հաստատել են, որ Իսրայելը ոչ մի կերպ որևէ իրավասություն չունի գրավված պաղեստինական տարածքների նկատմամբ:
Հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը՝ ստանձնել իր իրավական և բարոյական պարտավորությունները և կանգնեցնել Իսրայելի այն ապօրինի քաղաքականությունը, որը նպատակ ունեն ուժով փաստ ստեղծել և խաթարել արդար ու մշտական խաղաղության ու երկու պետության սկզբունքով լուծման հեռանկարները: Կողմերը կրկին հաստատել են իրենց հավատարմությունը «երկու պետություն» մոդելով լուծմանը՝ 1967 թվականի հունիսի 4-ի սահմաններով, մայրաքաղաք Արևելյան Երուսաղեմով և անկախ ու ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը:



