ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Թուրքիան առաջիկա օրերի, ամիսների ընթացքում կպատասխանի Բայդենի հայտարարությանը». Էրդողանի խոսնակ

«Թուրքիան առաջիկա օրերի, ամիսների ընթացքում կպատասխանի Բայդենի հայտարարությանը». Էրդողանի խոսնակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «պարզապես վրդովեցուցիչ է», և Թուրքիան առաջիկա ամիսների ընթացքում կպատասխանի դրան:

Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալինը:

«Առաջիկա օրերին և ամիսներին տարբեր ձևերի, տեսակների և աստիճանի արձագանք կլինի»,- ասել է Քալինը:

Թուրք պաշտոնյան, այնուամենայնիվ, չի հստակեցրել, թե արդյոք Անկարան կսահմանափակի ԱՄՆ-ի մուտքը Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազա, որն օգտագործվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային աջակցելու համար: 

«Մեզ համար պատեհ ժամանակին մենք կշարունակենք արձագանքել այս շատ ցավալի, անարդար հայտարարությանը»,- ասել է Քալինը: 

 ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել նման վայրագության կրկնությունը երբևէ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալությամբ՝ 1,5 մլն հայ է տեղահանվել, կոտորվել կամ մահվան ուղարկվել բնաջնջման արշավի շրջանակում: Հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի կատարվածի սարսափները երբեք չմոռացվեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որ մշտապես զգոն ենք մնալու ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում»,- նշել էր նա:

  • Կիսվել: