Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի հանդեպ. Ռուբիո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցնում է համբերությունը Ռուսաստանի հանդեպ և կարծում է, որ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ ձգձգում է Ուկրաինայի հետ կապված խաղաղ բանակցությունները։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ նա գնալով ավելի է նյարդայնանում, քանի որ, չնայած Վլադիմիր Պուտինի հետ լավ փոխհարաբերություններին ու հեռախոսազանգերին, ոչ մի արդյունք չկա։ Այդ պատճառով եկել է գործելու ժամանակը, և կարծում եմ՝ նախագահը հստակ ցույց է տվել, որ նա համբերությունը կորցնում է։ Նա այլևս ցանկություն չունի սպասելու, մինչև ռուսական կողմը որևէ քայլ ձեռնարկի այս պատերազմը դադարեցնելու համար»:
Ըստ Ռուբիոյի՝ Թրամփը համոզված է, որ Պուտինը բանակցություններ է վարել նրա հետ միայն ժամանակ ձգելու համար:
Նա նշել է. «Այդ ամբողջ շփումներից մեծ մասը իրականում ուղղված էր ժամանակ շահելուն և ձգձգման տակտիկայի օգտագործմանը։ ԱՄՆ նախագահը «չի պատրաստվում ընկնել այդ թակարդի մեջ: Նախևառաջ, բոլորը պետք է ուրախ լինեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կենտրոնացած է խաղաղության վրա։ Չկա որևէ բան, որը նա ավելի շատ ուզենար, քան խաղաղ համաձայնագրերի մաս լինելը, պատերազմները կանգնեցնելու և դրանք կանխելու հնարավորությունը։ Սա իր պատերազմը չէ, նա չի սկսել այն, նա ժառանգել է այն։ Եվ նա արել է ամեն բան՝ այն դադարեցնելու համար»:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ընթացքում, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կմտցնեն 100 տոկոսանոց երկրորդային մաքսատուրքեր Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ, եթե առաջիկա 50 օրվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 2-ը) Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնություն չկնքվի։


