շաբաթ, սեպտեմբեր 19
19 / 9 / 2026
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Դանիայի Թագավորության և Գրենլանդիայի հետ համաձայնության է հասել, որն ամերիկյան կողմին Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ մշտական վերահսկողություն է տրամադրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփը X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ նշել է, որ համաձայնագիրը լուծում է Գրենլանդիայի հետ կապված՝ ԱՄՆ-ի անվտանգության մտահոգությունները և Վաշինգտոնի համար ծախսեր չի նախատեսում։

«Մենք Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ աշխատել ենք՝ երաշխավորելու, որ Միացյալ Նահանգները հավերժ կունենա Գրենլանդիայի և ԱՄՆ-ի անվտանգությունն ապահովելու ու պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու լիարժեք հնարավորություն»,-հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ համաձայնագրով ԱՄՆ-ի հակառակորդներից ոչ մեկը չի կարող Գրենլանդիայում ռազմակայան կամ ռազմական ներկայություն ունենալ, ինչպես նաև զգայուն ոլորտներում ներդրումներ կատարել՝ առանց Վաշինգտոնի գրավոր համաձայնության։

Թրամփը համաձայնագիրն անվանել է անժամկետ և հայտարարել, որ ԱՄՆ-ն անհապաղ սկսելու է Գրենլանդիայի համապատասխան հատվածներում լայնածավալ ռազմական ներկայություն ստեղծելու գործընթացը՝ զարգացման և շինարարության հարցերում համագործակցելով կղզու բնակչության հետ։

 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համաձայնագիրը պատմական ձեռքբերում է որակել՝ նշելով, որ Գրենլանդիան մշտապես ընդգրկվելու է Հյուսիսային Ամերիկայի ռազմավարական պաշտպանության գոտում, իսկ ԱՄՆ-ի հակառակորդների ներկայությունը կբացառվի։

 

Ըստ AP գործակալության՝ Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարները համաձայնագիրը ներկայացրել են որպես անվտանգային համագործակցության ընդլայնում, որը չի փոխում Գրենլանդիայի կարգավիճակը։ Նրանք ընդգծել են, որ այն ճանաչում է Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Սպասվում է, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Այն ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է անցնի Դանիայի և Գրենլանդիայի խորհրդարանների հաստատման ընթացակարգերը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1260846

  • Կիսվել: