շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է՝ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպմանը կքննարկեն տարածքների հնարավոր փոխանակման հարցը

Թրամփը հայտարարել է՝ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպմանը կքննարկեն տարածքների հնարավոր փոխանակման հարցը

Մեկնարկել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Եվրոպական երկրների առաջնորդների հետ:

Թրամփը եվրոպական առաջնորդների հետ հանդիպումից առաջ հաջող է անվանել Զելենսկիի հետ իր բանակցությունները։ ՛՛Զելենսկու հետ շատ հարցեր ենք քննարկել։ Ես այսօր խոսել եմ Պուտինի հետ։ Մենք նրան կզանգահարենք այս հանդիպումից անմիջապես հետո՛՛,-ասել է Թրամփը:

Նա հայտարարել է, որ ԵՄ առաջնորդների և Զելենսկիի հետ հանդիպմանը կքննարկեն տարածքների հնարավոր փոխանակումը։

՛՛Պուտինն Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ընթացքում համաձայնել է, որ Ռուսաստանը անվտանգության երաշխիքներ կընդունի Ուկրաինայի համար: Այսօր մենք որոշումներ կկայացնենք գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների՛՛,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ հույս ունի ԵՄ ղեկավարների և Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք կհանգեցնեն Ռուսաստանի հետ եռակողմ հանդիպման:

՛՛Ես լավատես եմ, մենք կարող ենք համաձայնության գալ, որը կկանխի Ուկրաինայի դեմ ցանկացած ապագա ագրեսիա՛՛,-ասել է Թրամփը:

Նա նաև հավելել է, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ գագաթնաժողովում համոզվել է՝ ուկրաինական կարգավորումը հեշտ չէ, բայց լուծելի խնդիր է։ 

Թրամփն ակնկալում է, որ Ռուսաստանը մի շարք դրական քայլեր կանի բանակցությունների հաջողության դեպքում։ Մասնավորապես, նա սպասում է, որ Մոսկվան կարող է անմիջապես Կիևին փոխանցել հազար գերի։

Նա նաև ասել է, որ չի հավատում Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հետագա ագրեսիայի սպառնալիքին։

  • Կիսվել: