շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Տարոն Աճեմօղլուն է

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Տարոն Աճեմօղլուն է

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, որը պաշտոնապես կոչվում է Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակ, շնորհվել է ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Չիկագոյի համալսարանից Ջեյմս Ա. Ռոբինսոնին՝ «ինստիտուտների ձևավորման և բարգավաճման վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունների համար»։

Այս մասին նշված է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:

«Օրենքի գերակայություն վատ փորձ ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները չեն հանգեցնում աճի կամ փոփոխության դեպի լավը: Դափնեկիրների հետազոտությունն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու», - գրված է հաղորդագրության մեջ։

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ բացատրում են, թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։ 

Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է, որը ծնվել է 1967 թվականին Թուրքիայում։ 

Նոբելյան շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 11-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական «Նիհոն Հիդանկյո» կազմակերպությանը՝ միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու գործում ցուցաբերած ջանքերի համար: 

Հոկտեմբերի 10-ին Գրականության Նոբելյան մրցանակ է շնորհվել հարավկորեացի հեղինակ Հան Կանին՝ «նրա բուռն բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:   

 

  • Կիսվել: