Թեհրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ Իրանի ԱԽ քարտուղար
Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, գրում է parstoday.ir-ը:
«Ընդգծելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելը՝ Իրանը հետ չի կանգնի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են միջուկային ոլորտում անկախությունը (ներառյալ վառելիքի ցիկլի տիրապետումը) և ուրանի հարստացումը», - ասել է իրանական պաշտոնյան:
Ահմադիյանը նաև հայտարարել է, որ միջազգային անվտանգային ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցության: Իրանի տեսանկյունից՝ անվտանգությունը պետք է հիմնված լինի գերիշխանությունից հրաժարվելու, մարդկանց և ազգերի ազատության, ինչպես նաև իրավահավասար հարաբերությունների հաստատման վրա: