չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թեհրանն ու Էր Ռիադը համաձայնել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Թեհրանն ու Էր Ռիադը համաձայնել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Պեկինում Իրանը, Սաուդյան Արաբիան և Չինաստանը եռակողմ հայտարարություն են ստորագրել, ըստ որի՝ Թեհրանն ու Էր Ռիադը համաձայնել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների գործունեությունը, տեղեկացնում է IRNA-ն:

Նշվում է, որ հայտարարությունը ստորագրել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մուսաադ բին Մոհամմադ ալ Աիբանը և Չինաստանի պետական խորհրդի անդամ Վան Ին:

Թեհրանն ու Էր Ռիադը պայմանավորվել են հարգել միմյանց ինքնիշխանությունը և չմիջամտել ներքին գործերին, ասված է հայտարարության տեքստում:

Իրանն ու Սաուդյան Արաբիան նախատեսում են երկու ամսվա ընթացքում դեսպանություններ բացել։ Նշվում է, որ երկու երկրի ԱԳ նախարարները մտադիր են հանդիպել համաձայնագրի իրականացումը քննարկելու համար:

Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2016 թվականին՝ Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո: Իրանցիները բողոքում էին թագավորությունում շիա հայտնի աստվածաբան Նիմր ան-Նիմրի մահապատժի դեմ, սակայն վերջին ամիսներին կողմերը տարաձայնությունները կարգավորելու ցանկություն էին հայտնել:

  • Կիսվել: