հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել՝ ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության

Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել՝ ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության

Վրաստանի ընդդիմադիր «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, հանրահավաք է անցկացրել ընդդեմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Ցուցարարները եկել էին «Ո՛չ ստրկությանը», «Ո՛չ ժամկետային զինծառայությանը» պաստառներով և պահանջում էին բանակում կամավոր ծառայություն մտցնել։

«Պահանջում ենք, որ բանակը լինի կամավոր, ոչ ոքի չզորակոչեն իր կամքին հակառակ, եթե իշխանությունը պնդում է, որ իրենք հայրենասեր են ու մտածում են բնակչության, պաշտպանունակության ու բանակի մասին, թող համապատասխան պայմաններ ստեղծեն բանակում, արժանապատիվ աշխատավարձ վճարեն զինվորականներին, իսկ հետո ժողովուրդն ինքնակամ կգնա բանակ»,- ասել է «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Ռակվիաշվիլին։

Վրաստանի խորհրդարանը մարտի 20-ից հետո առաջին ընթերցմամբ կքվեարկի Պաշտպանության օրենսգրքի նորացված տարբերակի օգտին։ Օրենսգիրքը նորովի է կարգավորում զորակոչը և վրացական բանակի հետ կապված այլ հարցեր։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Վրաստանի ընդդիմությունը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, իրականացնում էր զանգվածային բողոքի ակցիաներ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի», որը իշխանություններն արդեն հետ են կանչել խորհրդարանից:

  • Կիսվել: