Թավրիզ-Ջոլֆա գնացքը Նախիջևանի միջոցով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին․ Իրանցի նախարար
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ համագործակցությանը և փոխգործակցությանը: Այս մասին ասել է Իրանի ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին, փոխանցում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ Թավրիզ-Ջոլֆա գնացքը կգործարկվի և Նախիջևանի միջոցով կմիացվի Երևանին ու Թբիլիսիին:
Անդրադառնալով Հայաստան կատարած իր երկօրյա այցին՝ Էսլամին նշել է, որ Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ կայուն են եղել՝ իրանցիների նկատմամբ հատուկ վստահություն ցուցաբերելով:
«Այս ուղևորության ընթացքում լավ հանդիպումներ ու բանակցություններ անցկացվեցին երկու երկրների պաշտոնյաների միջև, ու երեք փաստաթուղթ ստորագրվեց երկու կողմերի միջև», - նշել է պաշտոնյան։
Ըստ Էսլամիի՝ երկու կողմերի միջև կարևորագույն խնդիրներից է տեխնիկական ինժեներական ծառայությունների արտահանումը և համատեղ ներդրումները ճանապարհաշինության, մայրուղիների, երկաթուղիների և կամուրջների ու թունելների կառուցման և լոգիստիկ կենտրոնների ստեղծման ոլորտում:
«Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հուշագրին, ապա ջանքեր են գործադրվում Նախիջևանի միջոցով Թավրիզ-Ջոլֆա գնացքը միացնել Երևանին ու Թբիլիսիին», - գրել է «Մեհրը»:
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների և Հայաստանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրն էական ազդեցություն կունենա Ջոլֆայի շրջանի վրա:
«Հատկանշական է, որ նա այցելել է Նորդուզի [Մեղրիին սահմանակից գյուղ Արևելյան Ատրպատական նահանգում] հատման սահմանի տարբեր հատվածներ ու շեշտը դրել այս տերմինալի զարգացման վրա` միջազգային փոխադրումներն արագացնելու համար», - հավելել է իրանական լրատվամիջոցը: