կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սպիտակի երկրաշարժի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անխախտելիության գիտակցումն է. Զախարովա

Սպիտակի երկրաշարժի դասերից մեկը ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անխախտելիության գիտակցումն է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժին, հիշեցրել՝ այն խլել է մի քանի տասնյակ հազար քաղաքացիների կյանք, ավերել 9 մլն քմ բնակելի տարածք՝ Հայաստանի ողջ բնակելի տարածքի մոտ 20%-ը, ինչի հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց տանիքի:

«Սարսափելի դժբախտության պահին հայ ժողովրդին օգնության հասավ ողջ հսկայական պետությունը, արտասահմանյան բարեկամները, այդ թվում, իհարկե, հայկական սփյուռքը»,- նշել է Զախարովան, անդրադարձել այն օգնությանը, որ խորհրդային իշխանությունները և մյուս հանրապետությունները ցուցաբերել են երկրաշարժի հետևանքով տուժած Հայաստանին:

ՌԴ ԱԳՆ խոսնակը տեղեկացրել է, որ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի Գյումրու մասնաճյուղում այս օրերին անցկացվում է միջազգային համաժողով «Սպիտակի երկրաշարժ. հայացք անցյալից՝ ապագային» խորագրով:

«Սպիտակի դասերից մեկը տարբեր դժվարություններով փորձված ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության անխախտելիության գիտակցումն է, ինչպիսին էլ որ լինի քաղաքական կոնյունկտուրան: Մեր եղբայրական միասնությունը կհաղթահարի ցանկացած դժվարություն, քանի որ այն փորձված է ժամանակով»,- ասել է Զախարովան:

  • Կիսվել: