հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Սպիտակ տունը մտահոգված է, որ մի քանի շաբաթում Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել

Սպիտակ տունը մտահոգված է, որ մի քանի շաբաթում Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել

Մեկ Շշաբաթվա ընթացքում միջուկային զենք մշակելու Իրանի հնարավորությունն առաջ է բերում Սպիտակ տան մտահոգությունը, հայտարարել Է մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Սպիտակ տան մամուլի քարտուղարին հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնում անհանգստացա՞ծ են Իրանի կողմից մի քանի շաբաթվա ընթացքում միջուկային զենքի հնարավոր պատրաստման մասին տեղեկատվությամբ, ինչին ի պատասխան՝ նա նշել է. "Այո, դա մեզ որոշակիորեն անհանգստացնում է":

Փսակին հավելել է, որ ավելի վաղ ենթադրվող ժամանակը, որն Իրանին անհրաժեշտ է միջուկային զենք ստեղծելու համար, գնահատվել է մեկ տարի:

Փսակին Իրանի միջուկային ծրագրի վրա ազդելու ԱՄՆ-ի հնարավորությունները համեմատել է 2015 թվականին իրանական միջուկային գործարքից առաջ ընկած ժամանակահատվածի հետ: Նա հիշեցրել է, որ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմի կամքով ԱՄՆ-ն հրաժարվեց մասնակցել այդ ծրագրին, Իրանն արագացրեց իր միջուկային ծրագիրը՝ կրճատելով համագործակցությունը միջազգային տեսուչների հետ եւ հրաժարվելով կատարել միջուկային գործարքի պարտավորությունները:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ մինչեւ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Միացյալ Նահանգների դուրս գալը՝ միջուկային զենքի մեկ լիցք ստեղծելու համար Իրանին անհրաժեշտ ժամանակը գնահատվում էր "մեկ տարի կամ ավելի": Այս պահին Իրանին դրա համար մի քանի շաբաթ կպահանջվի։ Բլինկենի խոսքով՝ ռազմական ուժի կիրառումը չէր հանգեցնի Իրանի միջուկային ծրագրի տապալմանը։

ԱՄՆ պետքարտուղարը նախազգուշացրել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ստանալու դեպքում Մերձավոր Արևելքում դրա տարածումը կգործի դոմինոյի սկզբունքով ։

Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն ոչ միայն միակողմանի կարգով դուրս է եկել համաձայնագրից, այլեւ կրկին խիստ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել, որոնք Իրանին դրդել են չկատարել ստանձնած պարտավորությունները:

  • Կիսվել: