Սխալ է ասել, որ երկու, երեք, չորս կամ հինգ տարի հետո Ուկրաինան կլինի ԵՄ կազմում. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար
Ըստ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի՝ ԵՄ-ն չպետք է հստակ ժամկետներ նշի կառույցին Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, քանի որ Ուկրաինայի ղեկավարությունը կարող է հետագայում հիասթափվել: Այս մասին Ասելբորնն ասել է ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով նիստի ժամանակ:
Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ սխալ է ասել, որ երկու, երեք, չորս կամ հինգ տարի հետո Ուկրաինան կլինի Եվրամիության կազմում։ Պետք չէ խաղալ ժամկետների հետ։ Դա Մոլդովային էլ է վերաբերում, քանի որ այդպիսով հնարավոր է հիասթափեցնել շատերին: Կարծում եմ՝ ուկրաինացիներն արժանացել են նրան, որ չզրկվեն ԵՄ-ին անդամակցելու այդ հեռանկարից, արժանի են նաև նրան, որ այդպիսի հեռանկարի հնարավորություն են թողնում նրանց համար»:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Der Spiegel-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինան ԵՄ-ին կարող է միանալ 2030 թվականին, եթե իրագործվեն դրա համար անհրաժեշտ նախապայմանները։ Եվրոպական մի շարք քաղաքական գործիչներ քննադատության էին ենթարկել այս հայտարարությունը՝ Միշելին մեղադրելով անպատասխանատվություն ցուցաբերելու համար: