ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սի Ծինփինը 3-րդ անգամ է Չինաստանի նախագահ ընտրվել. երկրի պատմության մեջ նման դեպք չէր եղել

Սի Ծինփինը 3-րդ անգամ է Չինաստանի նախագահ ընտրվել. երկրի պատմության մեջ նման դեպք չէր եղել

Սի Ծինփինը երրորդ անգամ կստանձնի Չինաստանի նախագահի պաշտոնը, նրան երկրի ղեկավար են ընտրել Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ԺՆՀԺ) պատգամավորները:
 
Պետության ղեկավարի ընտրությունը կայացել է այսօր առավոտյան 14-րդ գումարման ԺՆՀԺ–ի առաջին նստաշրջանի երրորդ լիագումար նիստում գաղտնի քվեարկությամբ: Նիստին մասնակցել է 2952 պատգամավոր, բոլորը միաձայն քվեարկել են պետության գործող ղեկավարի վերընտրման օգտին։
 
Բացի այդ, Սի Ծինփինը նաև ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ է վերընտրվել` այսպիսով իր ձեռքում պահելով կուսակցական, ռազմական և պետական ղեկավարությունը։
Չինաստանի ժողովրդական հանրապետության ամբողջ պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի նախագահը վերընտրվում է երրորդ անգամ։
 
Առաջին անգամ Սի Ծինփինը ՉԺՀ–ի ղեկավար էր ընտրվել 2013 թվականի մարտի 14-ին 12-րդ գումարման ԺՆՀԺ–ի նստաշրջանի ժամանակ։ Երկրորդ անգամ նա ընտրվեց 2018 թվականի մարտի 17-ին։
 
Այս տարվա հունիսին Սի Ծինփինը կդառնա 70 տարեկան։
 
Նշենք, որ ՉԺՀ–ի նախագահի պաշտոնը ստեղծվել է 1954 թվականին երկրի սահմանադրության ընդունման հետ մեկտեղ։ Առաջին նախագահն է եղել Մաո Ցզեդունը։
 
Պաշտոնը 1975 թվականին վերացվեց, սակայն 1982 թվականին վերականգնեցին։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ նույն մարդը պետության ղեկավարի պաշտոնը երկու անգամից ավելի զբաղեցնել չի կարող հինգ տարի ժամկետով։
 
2018 թվականին երկրի հիմնական օրենքում փոփոխություններ արվեցին, որով չեղարկվեց վերընտրման քանակի սահմանափակումը։

  • Կիսվել: